Կրակովի համալսարան
Կրակովի համալսարան, Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան Լեհաստանում, առաջին պետական համալսարաններից մեկը Կենտրոնական Եվրոպայում։ Հիմնադրել է Կազիմիր Մեծը (1364), 1400 թվականին վերակառուցել է Վլադիսլավ Յագայլոն ՝ Փարիզի համալսարանի նմանությամբ։ Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին։ Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ։ Բացի լեհերից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև չեխեր, գերմանացիներ, հունգարացիներ։ Համալսարանում սովորել և դասախոսել են մաթեմատիկոս Վ. Բրուձևսկին, Նիկոլայ Կոպեռնիկոսը, աստղագետ, փիլիսոփա Յան Սնյադեցկին և ուրիշներ։ 16-րդ դարի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ։ 1780 թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը լատիներենի փոխարեն տարվել է լեհերենով։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ (1939-1944) Կրակովի համալսարանը փակվել է։ 1942 թվականից գործել է ընդհատակում։ 1978-1979 ուսումնական տարում համալսարանն ուներ իրավաբանական, փիլիսոփայության և պատմության, բանասիրական, մաթեմատիկայի և քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլ ֆակուլտետներ։ Գրադարանը ունի ավելի քան 1 միլիոն գիրք։